Մահացել է ֆրանսիացի դերասանուհի Անուկ Էմեն


92 տարեկանում մահացել է ֆրանսիացի դերասանուհի Անուկ Էմեն։ Դերասանուհու մահվան մասին սոցիալական ցանցերում հայտնել է նրա դուստրը՝ Մանուելա Պապատակիսը։ «Ես նրա կողքին էի, երբ նա մահացավ այսօր առավոտյան Փարիզի իր տանը»,- գրել է նա։


Կինեմատոգրաֆիայում գրեթե 70 տարվա կարիերայի ընթացքում դերասանուհին խաղացել է 74 ֆիլմերում և սերիալներում։ Նիկոլ Ֆրանսուազ Ֆլորենս Դրեյֆուսը, ով հետագայում վերցրեց Անուկ Էմե կեղծանունը, իր առաջին դերը խաղացել է 13 տարեկանում 1946 թվականին թողարկված «Տունը ծովի մոտ» ֆիլմում։


1959 թվականին Անուկ Էմեն նկարահանվել է Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» ֆիլմում, իսկ 1963 թվականին նա խաղացել է այս ռեժիսորի «8 ½» ֆիլմում։ Դերասանուհու կարիերայում էտապայինը, գրում է Le Monde-ը իր մահախոսականում, գլխավոր դերն էր ռեժիսոր Ժակ Դեմիի «Լոլա» (1961) ֆիլմում: Թե՛ ֆիլմը, թե՛ Անուկ Էմեն առաջադրվել էին բրիտանական BAFTA կինոմրցանակի։


BAFTA մրցանակը Անուկ Էմեն ստացավ մի քանի տարի անց Կլոդ Լելուշի «Տղամարդ և կին» ֆիլմում փառավոր դերակատարման համար: Ֆիլմը, որում Էմեի հետ խաղացել է Ժան-Լուի Տրենտինյանը, արժանացել է տասնյակ մրցանակների, այդ թվում՝ «Օսկար»-ի և Կաննի կինոփառատոնի Գրան-պրիի։ 1980 թվականին Էմեն Կաննի կինոփառատոնում ստացել է լավագույն դերասանուհի մրցանակը՝ Մարկո Բելոկիոյի «Ցատկ դատարկության մեջ» ֆիլմում աշխատանքի համար։